Ֆինանսական

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը և Հնդկաստանը փոխադարձ առևտրում հրաժարվում են դոլարից և եվրոյից

Ռուսաստանն ու Հնդկաստանը փոխադարձ առևտրում անցնում են ազգային արժույթների, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովը։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։

«Մենք սկզբունքորեն հրաժարվում ենք դոլարից ու եվրոյից, պետք է անցնել ազգային արժույթների»,- նշել է դիվանագետը։ Նա հավելել է, որ լիարժեք անցման համար հարկավոր է լուծել առևտրային գործառնություններում պահպանվող դիսբալանսի հարցը: «Հնդկաստանն առայժմ մեզնից ավելի քան հինգ անգամ ավելի շատ գնում է, քան վաճառում: <…> Մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ՝ փնտրելով ողջամիտ փոխզիջում»,- եզրափակել է Քաբուլովը:

Նոյեմբերի սկզբին Հնդկաստանի կառավարությունը թույլատրել է ազգային արժույթն օգտագործել միջազգային առևտրային հաշվարկներում։ Անցյալ շաբաթ Հնդկաստանի արտահանող կազմակերպությունների դաշնության գլխավոր տնօրեն Աջայ Սահայը հայտարարել է, որ այս տարի Ռուսաստանի հետ հաշվարկներում երկիրը կսկսի ռուփի օգտագործել: Indian Express հրատարակության տվյալներով՝ Հնդկաստանը մտադիր է կրկնապատկել Ռուսաստանի հետ առևտրի ծավալները՝ օգտագործելով, մասնավորապես, ազգային արժույթը։

Share