Բաժին. Ֆինանսական

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՈՒ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում մեր հանրապետությունում տնտեսական ակտիվության ինդեքսը, որը հաշվարկվում է տնտեսական գործունեության տարբեր ոլորտի ներկայացուցիչների շրջանում իրականացվող հարցումների հիման վրա, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ նվազել է (94.0%): ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` այս ժամանակահատվածում ակտիվության աճ է գրանցվել միայն ծառայությունների ոլորտում:

Միևնույն ժամանակ, հաշվետու չորրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատությամբ, արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում նկատվել է  գների փոքր ինչ նվազում և արտադրական հզորությունների աճ: Շինարարության ոլորտում  գրանցվել է աշխատողների թվաքանակի նվազում, իսկ առևտրի ոլորտում` աճ: Ընդհանուր առմամբ, նվազել է ներդրումների իրականացման պատրաստակամություն  հայտնած կազմակերպությունների թիվը:  Պահանջարկի նվազումը գրեթե բոլոր ոլորտներում նշվել է որպես գործունեության  ընդլայնմանը խոչընդոտող հիմնական գործոն:

Ինչ վերաբերում է գործարար միջավայրի ինդեքսին, ապա այն նույնպես նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ  փոքր-ինչ վատացել է` կազմելով 97.3%:

Նշենք, որ այս ինդեքսների հաշվարկն իրականացվում է պատասխանների փաստացի և սպասման հաշվեկշիռների միջինացման միջոցով:

Share