Բաժին. Ֆինանսական

ՎԶԵԲ-ը 2022թ.-ին ՀՀ մասնավոր հատվածին տրամադրել է 117 մլն եվրո

ՎԶԵԲ-ը հայտնում է  2022 թվականին Հայաստանում իրականացված խոշոր ներդրումների մասին.

  • Ներդրումների 100 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին
  • Աջակցությունը հիմնականում տրամադրվել է գործընկեր բանկերին և տեղական ձեռնարկությունների զարգացման նպատակով

2022 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 117 միլիոն եվրո գումարի չափով ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ։ ֆինանսավորումը հիմնականում տրամադրվել է հեռահաղորդակցության և ֆինանսական հաստատությունների ոլորտներին՝ վարկային գծերի և առևտրի ֆինանսավորման միջոցով փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) աջակցելու նպատակով։ Բոլոր ներդրումներն արվել են մասնավոր հատվածում։

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Ջորջ Ախալկացին ասել է․ «Մենք տրամադրել ենք առևտրի ֆինանսավորման աջակցություն և օգնել ենք մեր հաճախորդներին կառուցել ավելի ներառական, ավելի կանաչ և թվայնացված տնտեսություն՝ տեղական բանկերին տրամադրելով ֆինանսավորում, որը հետագայում ուղղված կլինի նրանց կողմից բիզնեսների վարկավորմանը և պարունակում է լրացուցիչ դրամաշնորհային խթաններ Հայաստանում Եվրոպական միության պատվիրոկությունից։ Մենք նաև ընդլայնել ենք հեռահաղորդակցության ենթակառուցվածքը՝ աջակցելով այս կենսական ցանցի ընդլայնմանը, հատկապես դեպի գյուղական վայրեր»:

ՎԶԵԲ-ը շարունակել է աջակցել ՓՄՁ-ներին՝ երեք գործընկեր բանկերին տրամադրելով մինչև 24 միլիոն եվրո վարկային գծեր բիզնեսների (այդ թվում՝ կին ձեռներեցների) հետագա վարկավորման համար՝ մրցունակության, էներգաարդյունավետության, տնտեսական ճկունության և ներառականության բարելավման նպատակով։ Այս վարկային գծերը զուգորդվում են դոնոր գործընկերների․ ԵՄ-ի, Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից տրամադրվող դրամաշնորհներով: Առևտրի կարևորագույն հոսքերը պահպանելու նպատակով ՎԶԵԲ-ն աջակցել է Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործարքներին շուրջ 74 միլիոն եվրո գումարի չափով՝ ներգրավելով ութ տեղական գործընկեր բանկ ՎԶԵԲ-ի՝ Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում։

ՎԶԵԲ-ը նաև 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ է տրամադրել «Տելեկոմ Արմենիա» ընկերությանը՝ ավելի հուսալի և արագ ինտերնետ կապի ֆինանսավորման նպատակով՝ օգնելով բարելավել կապի հնարավորությունները Հայաստանի 450,000 տնային տնտեսությունների և ձեռնարկությունների համար:

Այս ֆինանսավորմանը զուգահեռ ՎԶԵԲ-ը տեղական ՓՄՁ-ներին բիզնես խորհրդատվություն է տրամադրել՝ իրականացնելով 49 խորհրդատվական ծրագրեր և շուկայի զարգացման 15 միջոցառումներ ու վերապատրաստման դասընթացներ: Տպավորիչ է այն փաստը, որ շահառուների 92 տոկոսը հայտնել է եկամուտների աճի և արտադրողականության բարելավման մասին:

Ի լրումն ներդրումների, ՎԶԵԲ-ը շարունակել է ներգրավված լինել նաև քաղաքականության վերաբերյալ երկխոսությունում: Բանկը նպաստել է տեղական արժույթի և կապիտալի շուկաների զարգացմանը և աջակցել Հայաստանի Կենտրոնական բանկին քրաուդֆանդինգի կարգավորող շրջանակի ներդրման գործում՝ օգնելով գործարկել քրաուդֆանդինգի առաջին հարթակը:

Հայաստանում Բանկի ծրագրերի ընդհանուր թիվը հասել է 205-ի, ընդ որում ներդրումները կազմում են ավելի քան 2 միլիարդ եվրո, որի 91 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։

ՎԶԵԲ-ը բազմակողմ բանկ է, որը նպաստում է մասնավոր հատվածի և ձեռնարկատիրական նախաձեռնությունների զարգացմանը երեք մայրցամաքների 36 երկրներում: Բանկը պատկանում է 71 երկրների, ինչպես նաև ԵՄ-ին և ԵՆԲ-ին: ՎԶԵԲ-ի ներդրումներն ուղղված են իր տարածաշրջանների տնտեսությունները մրցունակ, ներառական, լավ կառավարվող, կանաչ, ճկուն և ինտեգրված դարձնելուն:

Share