Բաժին. Ֆինանսական

FOREX CLUB. ԴՈԼԱՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԹԱՆԿԱՆԱԼ

Նախորդ մեկ շաբաթվա արդյունքներով «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում  ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 0.76%-ով և կազմել 389.11 դրամ: Առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 18.60 մլն ԱՄՆ դոլար: Ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատությամբ կրճատվել է 34.09%-ով, ինչը հիմնականում պայմանավորվել է նախորդ շաբաթվա «նախատոնական» տրամադրություններով և, հետևապես, համեմատական բազայի առավել մեծ ցուցանիշով: Միևնույն ժամանակ, կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը հաշվետու այս մեկ շաբաթվա ընթացքում աճել է 0.7%-ով և կազմել 390.83 դրամ:

Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանի գնահատմամբ` վերջին ժամանակահատվածում ՀՀ-ում ամերիկյան դոլարի նկատմամբ ներքին մեծ պահանջարկը, դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների համախառն ծավալի անկումը, ինչպես նաև միջազգային արժութային շուկայում ԱՄՆ դոլարի դիրքների շարունակական ամրապնդումը կնպաստեն ՀՀ-ում դոլարի արժեքի հետագա բարձրացմանը: Ըստ վերլուծաբանի` այս գործընթացին կարող է միջամտել միայն ՀՀ կենտրոնական բանկն` ինտերվենցիաներ իրականացնելով արժութային շուկայում:

Ըստ Forex Club-ի կանխատեսումների` ընթացիկ շաբաթում Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կտատանվի 389-393 դրամի սահմաններում:

Կանխատեսվում է նաև, որ ընթացիկ այս մեկ շաբաթում ՀՀ-ում կանխիկ եվրոյի վաճառքի փոխարժեքը կգտնվի 490.0-510.0 դրամի սահմաններում, իսկ ռուսական ռուբլու միջին փոխարժեքը` 12.20-12.60 դրամի սահմաններում:

Նշենք, որ նախորդ շաբաթվա արդյունքներով ՀՀ-ում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը  նվազել էր 0.47%-ով և կազմել 502.88 դրամ, իսկ կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն աճել էր 1.87%-ով և կազմել 12.53 դրամ:

Share