Ֆինանսական

Չինաստանն 2023-ին ակնկալում է ՀՆԱ-ի 5% աճ

Չինաստանը 2023-ին սահմանել է ՀՆԱ-ի 5% աճի թիրախ, մինչդեռ պաշտպանության բյուջեն կաճի 7.2%-ով: Նման տվյալներ է ներկայացրել երկրի կառավարությունը կիրակի օրը հրապարակված 14-րդ գումարման Ազգային Ժողովրդական Կոնգրեսի 1-ին նստաշրջանի բացմանը:

Չինաստանի իշխանությունները ակնկալում են, որ 2023 թվականին սպառողական գների ինդեքսը՝ գնաճի հիմնական ցուցանիշը, կաճի 3%-ով։ Քաղաքներում գործազրկության մակարդակը կկազմի 5.5%, միևնույն ժամանակ կառավարությունը կստեղծի 12 միլիոն նոր աշխատատեղ։

Իշխանությունները ծրագրում են պահպանել յուանի հավասարակշռված փոխարժեքը ողջ տարվա ընթացքոմ, զբաղվել ֆինանսական և տնտեսական լուրջ ռիսկերով և նպաստել ժամանակակից արտադրական համակարգի արագացված ձևավորմանը։

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ 2023-ին Չինաստանի տնտեսությունը կաճի 5.2%-ով։ Հիշեցնենք՝ 2022-ին Չինաստանի ՀՆԱ-ն աճել է ընդամենը 3%-ով։ Զեկույցում նշվում է, որ դա պայմանավորված է համաշխարհային տնտեսության դանդաղեցմամբ և ուկրաինական ճգնաժամի բացասական հետևանքներով, պարենային և էներգետիկ ռեսուրսների առաջարկի և պահանջարկի գլոբալ անհավասարակշռությամբ, բարձր գնաճով և աշխարհում պրոտեկցիոնիզմի աճով։

Share