Բաժին. Ֆինանսական

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

2011 թվականի վերջի դրությամբ ՀՀ-ում գործող 21 առևտրային բանկերի ընդհանուր պարտավորությունների ծավալը կազմել է 1710.7 մլրդ ՀՀ դրամ: Տարվա վերջին երեք ամիսների ընթացքում ցուցանիշն աճել է շուրջ 11%-ով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` հաշվետու երեք ամիսների կտրվածքով միայն ցպահանջ պարտավորությունների գծով հայաստանյան բանկերը ապահովել են 7.4% աճ: 2011 թվականի վերջի դրությամբ ՀՀ բանկերի ցպահանջ պարտավորությունները կազմել 375.7  մլրդ դրամ:

Միևնույն ժամանակ, 2011 թվականի չորրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատությամբ, առևտրային բանկերն ապահովել են ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդների ընդհանուր ծավալը 15.5% աճ: Արդյունքում, ՀՀ բանկային համակարգում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները կազմել են 429.5 մլրդ ՀՀ դրամ: Իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալն աճել է 7.7%-ով` կազմելով 128.9 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ 2011 թվականի վերջի դրությամբ ՀՀ բանկերի պարտավորություններն այլ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ կազմել են 614.6 մլրդ ՀՀ դրամ: ՀՀ բանկերի պարտավորությունները կառավարության նկատմամբ կազմել են 81.9 մլրդ դրամ:

Share