Բաժին. Ֆինանսական

ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ` 8%

2012թ. փետրվարի 7-ի տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից`  նիստի արդյունքում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: 

Նշենք, որ 2012թ. հունվարին մեր հանրապետությունում արձանագրվել  է 3.6% գնաճ: Արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ, ավելացել է 0.1 տոկոսային կետով և կազմել 4.8%՝ պահպանվելով 4% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:

Խորհուրդն արձանագրել է, որ դրամավարկային քաղաքականության նոր՝ 2012թ. առաջին եռամսյակի ծրագրում ներկայացված բազային սցենարի ներքո համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումներ առաջիկա ժամանակահատվածում չեն ակնկալվում: Չնայած համաշխարհային տնտեսության զարգացման առկա անորոշությունների պահպանմանը` առաջատար մի քանի երկրներում արձանագրվել են տնտեսական ակտիվության դրական միտումներ և հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գների թույլ աճ:

Միևնույն ժամանակ, ԿԲ խորհուրդը գտնում է, որ ՀՀ տնտեսության բազային սցենարով զարգացումները պահպանում են գնաճային միջավայրի վրա չեզոք ազդեցությունը՝ ինչպես հարկաբյուջետային քաղաքականության և մասնավոր ծախսումների, այնպես էլ աշխատանքի շուկայի կողմից:

Խորհուրդն ամփոփել է, որ ՀՀ տնտեսությունը զարգանում է Դրամավարկային քաղաքականության ծրագրերում ներկայացված բազային սցենարին համապատասխան: Զարգացման այս հեռանկարում սպասվում է, որ 12-ամսյա գնաճը կանխատեսվող ողջ հորի­զոնի ընթացքում կգտնվի 4% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:

Այսպիսով, տնտեսության զարգացման ներկա միտումների պայմաններում ԿԲ-ն կշարունակի պահպանել քաղաքականության տոկոսադրույքի  8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն:

Share