2023թ. մարտի 14-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 10.75%:
2023թ. փետրվարին 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է 8.1%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ կազմելով 8.4%:
2023 թվականի առաջին եռամսակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճը և 12-ամսյա գնաճը դանդաղում է: Այնուամենայնիվ, դեռևս պահպանվող բարձր պահանջարկի և աշխատաշուկայից ածանցվող ճնշումների ազդեցությամբ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մնալ բարձր: Ուստի, զարգացած երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները: Դա կհանգեցնի համաշխարհային պահանջարկի թուլացմանը և կնպաստի միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ:
2023 թ-ի սկզբին ՀՀ տնտեսությունում ձևավորված բարձր ակտիվությունը պահպանվում է, որին շարունակում է նպաստել ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրվող բարձր աճը: Բարձր ակտիվությունն ուղեկցվում է արդյունաբերության և ծառայությունների ճյուղերում դիտվող արտահանման և ՀՆԱ ներուժի ավելացմամբ: Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում ՀՀ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մեղմվել: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկը և գնաճային սպասումները դեռևս նպաստում են աշխատավարձերի և առանձին ապրանքների ու ծառայությունների գների աճին:
ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ: Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և 2023 թ-ի երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2023 թ. մարտի 28-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2023 թ. առաջին եռամսյակի ծրագրում):