Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ. 2012Թ.-ԻՆ ԳՆԱՃԸ ԿԼԻՆԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ

Հայաստանի կենտրոնական բանկը (ԿԲ) հրապարակել է 2012 թվականի առաջին եռամսյակային Դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որտեղ ամփոփ ներկայացված են ԿԲ պաշտոնական կանխատեսումներն ու սպասումները` 2012 թվականի տնտեսական զարգացումների վերաբերյալ:

Այսպես, ՀՀ ԿԲ գնահատմամբ` այս տարվա ընթացքում պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներից ներքին տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումներ հիմնականում չեն ակնկալվում, իսկ ներքին պահանջարկի զարգացումները գնաճային միջավայրը չեն ընդլայնի:

Արդյունքում, գնաճի կանխատեսումներն այսպիսին են. 2012 թվականին գնաճի 12-ամսյա ցուցանիշը մշտապես կգտնվի 4%+1.5 տոկոսային կետ գնաճի տատանումների թույլատրելի միջակայքում: Կենտրոնական արժեքը 2012 թվականի երկրորդ եռամսյակի համար կանխատեսվում է 4.5%: 12-ամսյա հորիզոնի ավարտին` 2012 թվականի չորրորդ եռամսյակում, գնաճի կանխատեսված կենտրոնական արժեքը ևս կկազմի 4.5%:  

Share