Բաժին. Ֆինանսական

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգից բանկերի փոխառությունների ծավալը մեկ շաբաթում ռեկորդային չափի է հասել

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգից (ԴՊՀ) բանկերի կողմից շտապ փոխառությունների միագումար ծավալը յոթ օրվա ընթացքում հասել է ռեկորդային 164.8 միլիարդ դոլարի:

Ինչպես հետևում է երկրի կենտրոնական բանկի գործառույթները կատարող Դաշնային պահուստային համակարգի հաշվետվությունից, մարտի 15-ին ավարտված յոթ օրվա արդյունքներով մինչև 90 օր ժամկետով վարկերի ծավալը կազմել է մոտ 152.8 մլրդ դոլար։

Որոշ բանկեր օգտվել են այս շաբաթ Դաշնային պահուստային համակարգի կողմից բացված նոր վարկային գծից։ Այն թույլ է տալիս վարկ վերցնել մեկ տարով։ Այս ծրագրով փոխառությունների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 11.9 մլրդ դոլար։ Մարտի 8-ին ավարտված յոթ օրվա արդյունքներով Դաշնային պահուստային համակարգից բանկերի միագումար փոխառությունների ծավալը կազմել է շուրջ 4.58 միլիարդ դոլար: Նախորդ ռեկորդային ցուցանիշը՝ մոտ 111 միլիարդ դոլար, արձանագրվել էր 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ:

Դաշնային պահուստային համակարգի հաշվետվության համաձայն՝  կարգավորող մարմինը նաև մոտ 142.8 միլիարդ դոլար է ուղղորդել այն կարիքների համար, որոնք վերաբերում են Silicon Valley Bank-ի (SVB) և Signature Bank-ի սնանկացման հետ կապված իրավիճակի կարգավորմանը։ Մարտի 10-ին Կալիֆորնիայի ֆինանսական պաշտպանության վարչությունը հայտարարել էր SVB բանկի սնանկացման մասին։ Այն հիմնականում սպասարկում էր տեխնոլոգիական հատվածի աշխատողներին և վենչուրային կապիտալով ֆինանսավորվող ընկերություններին: Signature Bank-ը փակվել է մարտի 12-ին՝ Նյու Յորք նահանգի պրոֆիլային մարմնի որոշմամբ։

Share