Ֆինանսական

Ճապոնիայի խորհրդարանը հաստատել է 2023 թվականի բյուջեն՝ ռեկորդային ռազմական ծախսերով

Ճապոնիայի վերին պալատի բյուջեի կոմիտեն երեքշաբթի հավանություն է տվել նոր ֆինանսական տարվա  բյուջեի նախագծին: Նախագծով նախատեսված ծախսերի մեծ մասը ռազմական ոլորտին են ուղղված:

Բյուջեի ծավալն ավելացել է, քանի որ այս տարի պաշտպանական ծախսերի ծրագրված աճը ռեկորդային է: 2023 ֆինանսական տարում դրանք կկազմեն 6.8 տրիլիոն իեն (մոտ 51.8 միլիարդ դոլար), ինչը 1.25 անգամ ավելի է, քան ընթացիկ ֆինանսական տարվանը։ Դրանցից 211.3 միլիարդ իենը (մոտ 1.6 միլիարդ դոլար) կհատկացվի ԱՄՆ-ից Tomahawk թևավոր հրթիռների գնմանը։ Ակնկալվում է, որ պաշտպանության ծախսերը կգերազանցեն ՀՆԱ-ի 1%-ը, որը տասնամյակներ շարունակ համարվում էր բյուջեի այս տողերի սահմանաչափը:

Նախատեսված է, որ հարկային եկամուտներն էլ կհասնեն ռեկորդային 69.44 տրիլիոն իենի (մոտ 529 միլիարդ դոլար), իսկ մնացած եկամուտների հետ միասին բյուջեի դեֆիցիտը կկազմի 35.62 տրիլիոն իեն (մոտ 271 միլիարդ դոլար): Պակասուրդը ծածկվելու է պարտատոմսերի թողարկմամբ։ Իսկ Ճապոնիայի պետական ​​պարտքն արդեն գրեթե երկու անգամ գերազանցում է ՀՆԱ-ն։

Share