Ֆինանսական

ԱՄՆ-ում 43 սենատոր հրաժարվել է հաստատել պետական ​​պարտքի վերին շեմի բարձրացումը

Հանրապետական ​​Սենատի 43 անդամներից բաղկացած խումբը հայտարարել է, որ չի համաձայնի բարձրացնել պարտքի վերին շեմը, քանի դեռ իշխող վարչակազմը չի վերանայել պետական ​​ծախսերը: Օրենսդիրները համապատասխան նամակ են ուղարկել Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերին։

«Մեր տնտեսությունը գտնվում է ազատ անկման մեջ՝ անկայուն բյուջետային քաղաքականության պատճառով: Ներկայացուցիչների պալատն առաջին պատասխանատու քայլն է արել՝ իր առաջարկները դնելով բանակցությունների սեղանին: Անհրաժեշտ է, որ նախագահն էլ նույնն անի: Ուստի մենք կողմ չենք քվեարկի այն օրինագծին, որը կբարձրացնի պարտքի վերին շեմը՝ առանց էական ծախսերի և բյուջետային բարեփոխումների»,- ասվում է փաստաթղթում, որը ստորագրել են 43 սենատոր։

«Մենք Սենատում ունենք ավելի քան բավարար ձայներ՝ դադարեցնելու պարտքի բարձրացման ցանկացած օրինագիծ, որը չի ներառում էական ծախսեր և բյուջեի բարեփոխումներ», – թվիթերում գրել է սենատոր Մայք Լին, որն էլ նախաձեռնության հեղինակն է:

Հիշեցնենք՝ հունվարին ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը տեղեկացրեց Կոնգրեսին, որ գանձապետարանը սկսել է արտակարգ միջոցներ կիրառել դեֆոլտից խուսափելու համար՝ կապված պետական ​​պարտքի վերին շեմին հասնելու հետ, որն այժմ սահմանված է 31.4 տրիլիոն դոլար:

Share