Բաժին. Ֆինանսական

Ֆինտեխը մինչև 2030թ. կդառնա 1.5 տրլն դոլար ծավալով եկամուտ ապահովող ուղղություն

Ֆինտեխը ներկայումս զբաղեցնում է համաշխարհային ֆինանսական ծառայությունների 12,5 տրլն դոլար եկամուտի 2% մասնաբաժինը, և գնահատվում է, որ կաճի մինչև 7%:

2022թ. դժվար տարի էր ֆինտեխների համար, որոնք միջինում կորցրին իրենց շուկայական արժեքի կեսից ավելին, սակայն, ըստ հետազոտության, այս անկումը պարզապես կարճաժամկետ ուղղում էր երկարաժամկետ դրական հետագծում:

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը պատրաստվում է առաջ անցնել ԱՄՆ-ից և դառնալ աշխարհի լավագույն ֆինտեխ շուկան մինչև 2030թ.` 27% կանխատեսվող համակցված տարեկան աճի տեմպով (CAGR): Այս աճը հիմնականում պայմանավորված կլինի այնպիսի զարգացող տնտեսություններով, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը և Ինդոնեզիան, որոնք ունեն ամենամեծ ֆինտեխները, բանկային գործարքների հասանելիություն չունեցող մեծ բնակչություն, մեծ թվով փոքր և միջին ձեռնարկություններ, ինչպես նաև տեխնոլոգիային տիրապետող երիտասարդություն և միջին խավ:

Հյուսիսային Ամերիկան, որն այժմ ունի աշխարհի ամենամեծ ֆինանսական ծառայությունների արդյունաբերությունը, կմնա ֆինտեխ շուկայի և նորարարության կարևորագույն կենտրոն՝ 2030թ. քառապատկվելով մինչև 520 մլրդ դոլար: ԱՄՆ-ին բաժին է ընկնում համաշխարհային ֆինտեխ եկամուտների կանխատեսվող 32%-ը:

Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը միասին ներկայացնում են աշխարհի երրորդ խոշորագույն ֆինանսական հաստատությունների շուկան և ակնկալվում է, որ մինչև 2030թ. ականատես կլինեն ֆինտեխների խոշոր աճին, որը գնահատվում է ավելի քան 5 անգամ՝ 2021թ. համեմատ: Իսկ Լատինական Ամերիկայի շուկաները՝ Բրազիլիայի և Մեքսիկայի գլխավորությամբ, նույն ժամանակահատվածում կանխատեսվում են արձանագրել 29% CAGR եկամուտ: Զեկույցը նաև նախատեսում է Աֆրիկայում ֆինտեխ եկամուտների 32% CAGR մինչև 2030թ.:

Սակայն B2B2X-ը և B2B-ն (փոքր բիզնեսին սպասարկող) կառաջնորդեն ֆինտեխի հաջորդ դարաշրջանը, ասվում է զեկույցում: B2B2X-ը կազմված է B2B2C, B2B2B և ֆինանսական ենթակառուցվածքի խաղացողներից: Ակնկալվում է, որ B2B2X շուկան կաճի 25% CAGR-ով և մինչև 2030թ. կհասնի 440 մլրդ դոլարի տարեկան եկամուտների, ինչը կաջակցի ներդրված ֆինանսական ենթակառուցվածքների աճին: Ակնկալվում է, որ B2B ֆինտեխ շուկան կաճի 32% CAGR-ով և կհասնի 285 մլրդ դոլարի տարեկան եկամտի:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share