Ֆինանսական

Տնտեսագիտական միջազգային օլիմպիադայի հայաստանյան հանրապետական փուլը կանցկացվի մայիսի 13-ին

Այս տարի Հայաստանում անցկացվում է տնտեսագիտական օլիմպիադա ավագ  դպրոցների աշակերտների մասնակցությամբ։ Օլիմպիադան կազմակերպում է Վարքագծային  որոշումների կենտրոնը՝ ՀՀ կենտրոնական բանկի ու Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ գործակցությամբ։ Նպատակը դեռահասների մոտ տնտեսագիտության նկատմամբ  հետաքրքրություն առաջացնելն ու ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումն է:  Միջազգային տնտեսագիտական օլիմպիադան կազմակերպվում է Տնտեսագիտական  կրթության ինստիտուտի (INEV) և Տնտեսագիտական հիմնարարների նախաձեռնություն (EFI)  միջազգային գործընկերների ներգրավվածությամբ։  

2023 թվականի մարտին անցկացվել է օլիմպիադայի դպրոցական փուլը, որին  մասնակցել է շուրջ 400 աշակերտ 60 դպրոցներից։ Հանրապետական փուլ անցել է 36  աշակերտ, որոնցից 5-ը, հաղթահարելով այս փուլը, կանցնեն միջազգային փուլ՝  Բրատիսլավայում մրցելով այլ երկրների մասնակիցների հետ։ Մինչ այժմ Տնտեսագիտական  օլիմպիադան անցկացվել է 7 երկրներում։ 2023 թվականին EFI-ի աջակցությամբ օլիմպիադան  կկայանա ևս 8 երկրներում, այդ թվում և՝ առաջին անգամ Հայաստանում։  

Մայիսի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա օլիպիադայի  հանրապետական փուլը՝ գրավոր և բանավոր ձևաչափերով։ Օլիմպիադայի ժյուրիի կազմում են  ոլորտի առաջատար մասնագետներ ՀՀ կենտրոնական բանկից, Հայաստանի ամերիկյան  համալսարանից, ՀՀ ֆինանսների նախարարությունից ու Հայկական տնտեսագիտական  միությունից։  

Տնտեսագիտական և ֆինանսական գրագիտությունը չափազանց կարևոր դեր ունի  յուրաքանչյուրի կյանքում, և չնայած ոլորտում իրականացվող որոշակի ծրագրերի՝  այնուամենայնիվ խնդիրը դեռ ակտուալ է մնում մեր երկրում: Օլիմպիադան այդ առումով  կարևորագույն խնդիր է լուծում ու սա քայլերից միայն մեկն է, որով Վարքագծային որոշումների  կենտրոնը իրականացնում է մեր հասարակության ֆինանսատնտեսական գիտելիքի  հանրայնացումը։  

Share