Նպատակ ունենալով խրախուսել ոլորտի մասնագետներին, փորձագետներին, գիտական աշխատողներին և ոլորտը լուսաբանող լրագրողներին իրենց աշխատանքներում անդրադառնալ ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաներին, ինչպես նաև կարևորելով հանրության լայն շերտերին անկողմնակալ և փաստերի հիման վրա կառուցված տեղեկատվության տրամադրումը՝ Հայաստանի բանկերի միությունն (ՀԲՄ) արդեն 4-րդ անգամ անցկացրեց «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով մրցույթը։
«Լավագույն գիտական հոդված», «Լավագույն վերլուծություն» և «Լավագույն լրագրողական անդրադարձ» անվանակարգերում առևտրային բանկերի ներկայացուցիչներից ձևավորված ժյուրին գնահատել է 2022թ․ ընթացքում հրապարակված գիտական և վերլուծական հոդվածները, ինչպես նաև լրագրողական հրապարակումները։ ՀԲՄ-ում կայացած մրցույթի արդյունքների ամփոփման միջոցառման շրջանակում մրցութային անվանակարգերի հաղթողներին ՀԲՄ-ի կողմից հանձնվեցին հավաստագրեր և դրամական մրցանակներ:
Շնորհավորելով մրցույթի հաղթողներին՝ ՀԲՄ խորհրդի նախագահ Մհեր Անանյանը շնորհակալություն է հայտնել լրագրողական համայնքի և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին երկարամյա և արդյունավետ համագործակցության համար:
«Մեզ համար անչափ կարևոր է հասարակության առողջ և ֆինանսապես գրագետ անդամներ ձևավորելը և այս հարցում ձեզնից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ներդրումը: Վստահ եմ, որ հետագայում ևս կպահպանվի վերջին տարիների միտումը, երբ տարեցտարի ավելանում է մրցույթի թե մասնակիցների, և թե մրցութային հայտերի թիվը՝ միաժամանակ ապահովելով որակյալ և արժանահավատ տեղեկատվություն: Շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում նոր հաղթանակներ»,-նշել է ՀԲՄ խորհրդի նախագահ Մհեր Անանյանը:
Մրցույթի «Լավագույն գիտական հոդված» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի ասպիրանտ Արման Համբարձումյանի և ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի բաժնի ուսանող Մեսրոպ Մեսրոպյանի համահեղինակած «Վերահսկողական սթրես թեստավորումը որպես ՀՀ առևտրային բանկերի ֆինանսական ռիսկերը կառավարելու նոր գործիք» գիտական հոդվածը։ «Լավագույն վերլուծություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ ֆինանսներ ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Էդգար Աղաբեկյանի «Կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության անկման հիմնական պատճառները կամ ո՞վ է մեղավոր» վերլուծությունը։ «Լավագույն լրագրողական անդրադարձ» անվանակարգում հաղթող է ճանաչվել բանկային գաղտնիքի վերաբերյալ տնտեսական լրագրող, «Արմինֆո» լրատվական գործակալության և Տնտեսական լրագրողների ակումբի լրագրող-թղթակից Նաիրա Բադալյանի հրապարակումը։
ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի խոսքով՝ այսօր լրատվական դաշտում շրջանառվող տեղեկատվությունը, մասնավորապես՝ ֆինանսաբանկային թեմաներով հրապարակումները, ոչ միշտ են անկողմնակալ, հավաստի և բազմակողմանի ներկայացված, փոխարենը հանդիպում ենք հանրությանը ապակողմնորոշող տեղեկատվության։ Այս տեսանկյունից ոլորտի ներկայացուցիչների կողմից մշտապես կարևորվել է հանրությանը՝ որակյալ և մասնագիտորեն հիմնավորված բովանդակությամբ հրապարակումների մատուցումը, ինչը թույլ է տալիս իրազեկ լինել ֆինանսական ոլորտի վերաբերյալ զարգացումներից, ինչպես նաև օգնում է սեփական ֆինանսները կառավարելու և գրագետ որոշումներ կայացնելու հարցում։
«Թեև բանկային համակարգը և վերջինիս գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը բաց է և հրապարակային, սակայն մշտապես կա կարիք այդ ամենը հանրությանը ներկայացնել առավել հասանելի և ընկալելի եղանակով։ Այս տեսանկյունից անչափ կարևոր է ակադեմիական շրջանակների և ոլորտը լուսաբանող լրագրողների ներուժի ներգրավումն ու օգտագործումը։ Այս նպատակին է ուղղված նաև միության կողմից անցկացվող ամենամյա մրցույթը։ Շնորհավորում եմ մրցույթի բոլոր հաղթողներին և ևս մեկ անգամ վերահաստատում ՀԲՄ պատրաստակամությունը՝ ակտիվ համագործակցել լրագրողական համայնքի և ակադեմիական շրջանակների հետ՝ ոլորտի վերաբերյալ անկողմնակալ, հավաստի և որակյալ հրապարակումների պատրաստման և հանրայնացման հարցում»,-ընդգծել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։
Նշենք նաև, որ առևտրային բանկերը ևս սահմանել էին հատուկ և խրախուսական մրցանակներ։