Բաժին. Ֆինանսական

Ֆինանսական որոշումներ կայացնելիս ռուսների գրեթե 1/3 առաջնորդվում է աստղաբանական կանխատեսումներով

Ֆինանսական լուրջ որոշումներ կայացնելիս ռուսների գրեթե ⅓-ն ապավինում է աստղաբանական կանխատեսումներին և թալիսմաններին: Այս մասին հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով Մոսկվայի բորսայի Finuslugi հարթակի հետազոտությանը։

Հարցման մասնակիցների ⅓-ը (33%) ասել է, որ օգտագործում է հորոսկոպ:

Հարցվածների 31%-ն ունի ֆինանսական բարգավաճման հատուկ թալիսմաններ։ Օրինակ՝ փողի ծառ, փող գրավելու «հաջողակ թղթադրամ» կամ եռոտանի դոդոշ՝ մետաղադրամը բերանում։

Յուրաքանչյուր հինգերորդ ռուս (19%) արտասանում է ֆինանսական բարգավաճմանն առնչվող դրական նախադասություններ ինքնահիպնոսի համար, որոնք կապված են ֆինանսական բարգավաճման հետ, սրանք այնպիսի արտահայտություններ են, ինչպիսիք են «Ես հարուստ եմ, ես հարստություն եմ ձգում դեպի ինձ»: 17%-ը խոստովանել է, որ օգտվում է լուսնային օրացույցից, երբ պետք է ֆինանսական որոշում կայացնել։

«Ֆինանսական վերլուծության էզոթերիկ մեթոդներն անարդյունավետ են և ոչ գիտական: Մենք ռուսներին խորհուրդ ենք տալիս մեծացնել իրենց ֆինանսական գրագիտությունը և, ինչ էլ որ պատահի, հանգստություն պահպանեն և հետևեն իրենց անձնական ֆինանսական պլանին», – մեկնաբանել են հարցման արդյունքները Մոսկվայի բորսա նախագծի մամուլի ծառայությունում։

Սկոլկովոյի կառավարման դպրոցի բլոկչեյնի և ֆինտեխ լաբորատորիայի ղեկավար Եգոր Կրիվոշեյան կարծում է, որ նման հարցերում մարդիկ հաճախ դիմում են աստղագուշակության և էզոթերիկայի՝ իրենց վստահությունը բարձրացնելու համար, և դա ավելի շատ ազդում է հոգեբանական ասպեկտների վրա, քան խոսում է ֆինանսական գրագիտության մասին:

«Հարցման արդյունքներն ուղղակիորեն չէի կապի բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի հետ։ Ավելի շուտ, արդյունքները ցույց են տալիս, որ ռուսները հակված են հավատալ թալիսմանների, ծեսերի և կախարդական այլ ուժերին: Սրա մեջ վատ բան չկա, եթե այն օգտագործվում է որոշումների կայացման այլ մոդելների հետ համատեղ՝ վերլուծություն, ռազմավարական մտածողություն և այլն»,- ասում է Կրիվոշեյան:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

 

Share