Ֆինանսական

Պաշտոնական Կիևը հաստատել է, որ Ճապոնիան 7.6 միլիարդ դոլարի օգնություն է հատկացրել Ուկրաինային

Ֆինանսական օգնության ընդհանուր գումարը, որը պաշտոնական Տոկիոն հատկացրել է Ուկրաինային, կազմում է 7.6 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակում՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ G7-ի գագաթնաժողովի շրջանակում ունեցած բանակցություններից հետո։

«Նախագահը բարձր է գնահատել Ֆումիո Կիսիդայի անձնական առաջնորդությունը Ուկրաինային միջազգային աջակցության մոբիլիզացման գործում, մասնավորապես, Ճապոնիայի G7-ի նախագահության ժամանակ: Նախագահը շնորհակալություն է հայտնել Ճապոնիային 7.6 միլիարդ դոլարի ֆինանսական օգնության փաթեթի համար, որը հատկացվել էր ավելի վաղ»,- ասվում է ուղերձում։

Բացի այդ, Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ճապոնիային վիրավոր ուկրաինացի զինծառայողներին բուժման համար ընդունելու որոշման և Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար 100 բեռնատարների տեսքով լրացուցիչ օգնության համար։

«Կողմերը պայմանավորվել են անցկացնել ուկրաինա-ճապոնական համաժողով՝ նվիրված Ուկրաինայի վերականգնմանը և այդ գործընթացում մասնավոր բիզնեսի ներգրավմանը», – հավելել են նախագահի գրասենյակից։

Զրուցակիցները քննարկել են նաև ճապոնական ներդրումների հնարավորությունը ջրածնի, լիթիումի մարտկոցների, մեքենաների, էլեկտրաէներգետիկ սարքավորումների, էստակադների և երկաթուղային ենթակառուցվածքների արտադրության մեջ։ Զելենսկին և Կիսիդան քննարկել են նաև ռազմական իրավիճակը, ուկրաինական «խաղաղության բանաձևը» և Կիևին հետագա օգնության տրամադրումը:

Share