Բաժին. Ֆինանսական

ՓԵՏՐՎԱՐԻՆ ԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱԶՄԵԼ Է 43.6%

Դոլարայնացման մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ բարձր: Փետրվար ամսվա արդյունքներով մեր տնտեսությունում ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը կազմել է 43.6%՝  ընթացիկ տարում աճելով շուրջ 1.8 տոկոսային կետով:

Միևնույն ժամանակ, ըստ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տվյալների՝ հաշվետու ամսվա արդյունքներով ռեզիդենտների արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ֆինանսական համակարգում ներգրավված ավանդների ընդհանուր ծավալում կազմել է 61.2%: Ընդ որում՝ ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռը ընդհանուր ժամկետային ավանդներում կազմել է 74.3%, իսկ ցպահանջ ավանդների կշիռն ընդհանուր ցպահանջ ավանդներում` 54.6%:

Հատկանշական է նաև, որ փետրվար ամսվա արդյունքներով ՀՀ ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ընդհանուր վարկերի հարաբերակցությունը կազմել է 62.0%՝ երկու ամսվա ընթացքում աճելով շուրջ 2.0 տոկոսային կետով: Նման զարգացումը խոսում է այն մասին, որ մեր երկրի տնտեսության վարկավորման ընդհանուր ծավալում շարունակում են գերակշռել արտարժույթով վարկերը՝ պայմանավորված ՀՀ առևտրային բանկերի  մոտ արտերկրից ներգրավված միջոցների «կուտակմամբ»:

Share