Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2023 թվականի մակրոֆինանսական օգնության շրջանակներում Ուկրաինային է հատկացրել է 1.5 միլիարդ եվրոյի հերթական տրանշը:
«Այսօր Եվրահանձնաժողովը 1,5 միլիարդ եվրոյի չորրորդ վճարումը կատարեց Ուկրաինային՝ մինչև 18 միլիարդ եվրո գումարի մակրոֆինանսական օգնության փաթեթի շրջանակներում», – ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ:
Ինչպես պարզաբանում է Եվրահանձնաժողովը, այս գործիքի միջոցով ԵՄ-ն ձգտում է օգնել Ուկրաինային՝ հոգալու ֆինանսավորման իր անհետաձգելի կարիքները` 2023 թվականին կայուն, կանխատեսելի և զգալի ֆինանսական աջակցությամբ։
«Այս աջակցությունն Ուկրաինային կօգնի շարունակել վճարել աշխատավարձերը և կենսաթոշակները, ինչպես նաև պահպանել հիմնական կոմունալ ծառայությունների գործունեությունը, ինչպիսիք են հիվանդանոցները, դպրոցները և տեղահանվածների կացարանները», – հայտարարել են ԵՀ-ում՝ հավելելով, որ օգնությունը նաև նպատակաուղղված է կենսականորեն կարևոր ենթակառուցվածքի վերականգնմանը, որը երկրում ավերվել է հակամարտության ընթացքում։
ԵՀ-ում հայտնել են, որ 1.5 մլրդ եվրոյի հաջորդ տրանշը կվճարվի հունիսին:
Ինչպես ընդգծում է Եվրահանձնաժողովը, ընդհանուր առմամբ, Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր ԵՄ-ն Կիևին է տրամադրել 70 միլիարդ եվրոյի օգնություն:
«Դա ներառում է ֆինանսական, հումանիտար, անհետաձգելի բյուջետային և ռազմական աջակցությունն Ուկրաինային ԵՄ-ի, անդամ պետությունների և Եվրոպայի ֆինանսական հաստատությունների կողմից, ինչպես նաև այն միջոցները, որոնք տրամադրվում են՝ օգնելու անդամ պետություններին հոգալ պատերազմից փախած ուկրաինացիների կարիքները», – եզրափակել են ԵՀ-ում: