Բաժին. Ֆինանսական

32 ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ 30-Ն ԱՇԽԱՏՈՒՄ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ

2011 թվականի վերջի դրությամբ ՀՀ տարածքում գործել են 32 վարկային կազմակերպություններ (78 մասնաճյուղերով), որոնցից 3-ը լիզինգային կազմակերպություններ են, 1-ը` վարկային միություն, 26-ը` ունիվերսալ վարկային կազմակերպություն և 2-ը՝ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն:

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նախորդ մեկ տարվա ընթացքում հայաստանյան վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալն ավելացել է 30.2%-ով՝ հիմնականում պայմանավորված կանոնադրական հիմնադրամի աճով, և կազմել 46.8 մլրդ դրամ:  

Վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ռեզիդենտների փայամասնակցության տեսակարար կշիռը հաշվետու տարվա ընթացքում ավելացել է 2.9 տոկոսային կետով` տարեվերջին կազմելով 39.2%: Ոչ ռեզիդենտների փայամասնակցությամբ 13 վարկային կազմակերպություններից 5-ն ամբողջությամբ օտարերկրյա մասնակցությամբ ընկերություններ են:

Ըստ ներկայացված տվյալների՝ վարկային կազմակերպությունների պարտավորությունները նախորդ մեկ տարում ավելացել են 50.3%-ով և կազմել 77.0 մլրդ դրամ: Ընդհանուր ակտիվները տարվա ընթացքում ավելացել են 42.0%-ով և տարեվերջին կազմել 123.9 մլրդ դրամ:

2011 թվականի արդյունքներով Հայաստանում գործող վարկային կազմակերպություններն ապահովել են 4.9 մլրդ դրամի զուտ շահույթ (հաշվարկված վերահսկողական հաշվետվությունների հիման վրա): Տարեվերջին գործող կազմակերպություններից տարվա ընթացքում շահույթով են աշխատել 30-ը, որոնց ընդհանուր զուտ շահույթի մեծությունը կազմել է 5.0 մլրդ դրամ:

Վարկային կազմակերպությունների՝ հաշվետու տարվա շահութաբերությունն ըստ ակտիվների (RoA) կազմել է 4.6%, իսկ ըստ կապիտալի (RoE)` 12.0%:  

Share