Ֆինանսական

AMX. 2023-ի հուլիս ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է  2023 թ.-ի հուլիս ամսվա տվյալները։

Հայաստանի ֆոնդային բորսայում  հուլիսին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 73 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 73%-ով: 

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը հուլիսին կազմել է ավելի քան 11,7 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 56%-ով: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 49 գործարք։ 

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի հուլիս ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 420,6 մլրդ դրամ։ 

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 2,8 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 265 գործարք։ 

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 100։ 

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 2,5 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 10%-ով:

Բաժնետոմսերի առևտրի ծավալը ևս աճել է՝ հասնելով մոտ 87,1 մլն դրամի, որը 226%-ով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Շուկայի կապիտալիզացիան  նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 7%-ով՝ հասնելով 279,6 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 115 գործարք։ 

Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:

Share