Բաժին. Ֆինանսական

Ազգային դրամի 30-ամյակին նվիրված հուշադրամ. Կենտրոնական բանկ

Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ 

2023 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը:

Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը, անկախ պետականության խորհրդանիշներից է: Դրամը շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ին: ՀՀ դրամի գոյության 30 տարիների ընթացքում թողարկվել են շրջանառու թղթադրամների և մետաղադրամների մի քանի շարքեր, ինչպես նաև դրամանիշերի այլ տեսակներ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում հավաքորդների շրջանում՝ շրջանառու հիշատակային մետաղադրամներ, հավաքորդական թղթադրամներ, հուշադրամներ, ներդրումային դրամներ: Հայաստանի Հանրապետության առաջին հուշադրամը թողարկվել է 1994 թվականին, և այդ ժամանակից ի վեր ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է ոսկե, արծաթե և պղինձ-նիկելից հատված ավելի քան 440 անվանատեսակի հուշադրամներ՝ նվիրված հայ ժողովրդի ակնառու ներկայացուցիչներին, պատմամշակութային կարևոր իրադարձություններին:

ՀՀ դրամանիշերն արտադրվում են պաշտպանված տպագրության ու դրամահատման նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ և համապատասխանում են որակի ու պաշտպանվածության միջազգային չափորոշիչներին։ ՀՀ թղթադրամներն ու մետաղադրամները, արտադրության որակի և գեղարվեստական ձևավորման բարելավմանն ուղղված մշտական և համակարգված աշխատանքի շնորհիվ, հեղինակավոր միջազգային դրամագիտական մրցույթներում բազմիցս արժանացել են մրցանակների և բարձր գնահատանքի: Դիմերես` ՀՀ զինանշանը և ՀՀ կենտրոնական բանկի պատկերանիշը` գիլյոշի պատկերի ֆոնին: Դարձերես` ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշը, որտեղ դրամի գրանշանն է, «30 ՏԱՐԻ» գրառումը և ոճավորված ՀՀ դրոշը՝ գիլյոշի պատկերի ֆոնին: Էսքիզների հեղինակ` Վարդան Վարդանյան: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Անվանական արժեքը 5000 դրամ

Մետաղը/հարգը՝ արծաթ 9250

Քաշը՝ 168,1 գ

Տրամագիծը՝ 63,0 մմ

Որակը՝ պրուֆ

Դրամաշուրթը՝ հարթ, համարակալված

Թողարկման քանակը՝ 400 հատ

Թողարկման տարեթիվը՝ 2023

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով: Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին: Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

Share