Բաժին. Ֆինանսական

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ Մոսկվայում (ՌԴ) կայացած «Դրամների համաստեղություն. 2012» հուշադրամների 6-րդ միջազգային մրցույթին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2011թ. թողարկած «Հայաստանի խաչքարերը» արծաթե հուշադրամների շարքը և «Արտաշատի հիմնադրման 2200-ամյակ» ոսկե հուշադրամը արժանացել են հետևյալ մրցանակների.

– Հայաստանի խաչքարերը»` 2-րդ տեղի մրցանակ «Տարվա հավաքածու» անվանակարգում,  

– «Արտաշատի հիմնադրման 2200-ամյակ»` 3-րդ տեղի մրցանակ «Տարվա հուշադրամ» անվանակարգում:

«Դրամների համաստեղություն. 2012» հուշադրամների միջազգային մրցույթը անց է կացվում 2007 թվականից սկսած, յուրաքանչյուր տարի: 2012թ. մրցույթին մասնակցել են թվով 42 կազմակերպություն 29 երկրներից (ազգային բանկեր, դրամահատարաններ և մատակարար կազմակերպություններ): Մասնակիցների կազմում եղել են.

– Լատվիայի, Լիտվայի, Մեքսիկայի, Բուլղարիայի, Ղրղզստանի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի, Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական բանկերը,

– Ավստրալիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Անդորայի, Լեհաստանի, Սինգապուրի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Նոր Զելանդիայի, Ֆրանսիայի, Իսրայելի, Սանկտ-Պետերբուրգի և Մոսկվայի դրամահատարանները,

– Կազմակերպություններ, ինչպիսիք են` Coin Invest Trust (Լիխտենշտեյն), Emporium Hamburg (Գերմանիա), NumisCollect (Նիդեռլանդներ), PAMP, International Coin House (Շվեյցարիա), Treasures of Oz (Ավստրալիա) և այլն:

Մրցույթին ներկայացված էր 2011թ. թողարկման ավելի քան 250 հուշադրամ և 28 հուշադրամների հավաքածու: Այս ցուցանիշը համարվում է ռեկորդային «Դրամների համաստեղություն» հուշադրամների միջազգային մրցույթի ողջ պատմության մեջ:

Հաղթողներին որոշել է ժյուրին, որի կազմում էին թվով 40 փորձագետներ համաշխարհային հայտնի թանգարաններից և աճուրդի տներից, հուշադրամներ մատակարարող ընկերություններից, դրամագիտական ասոցիացիաներից և մասնագիտացված հրատարակչություններից:

Share