Ֆինանսական

Ճապոնիայի Կենտրոնական բանկը պահպանել է իր ծայրահեղ թույլ դրամավարկային քաղաքականությունը

Վերջին երկօրյա ժողովի արդյունքներով Ճապոնիայի բանկը որոշել է պահպանել իր ծայրահեղ թույլ դրամավարկային քաղաքականությունը՝ ուղղված գնաճի թիրախներին: Այս մասին ասվում է Կենտրոնական բանկի հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ շուկան խթանելու համար որոշվել է կարճաժամկետ տոկոսադրույքը թողնել մինուս 0.1%-ի սահմաններում։ Միևնույն ժամանակ, Ճապոնիայի գլխավոր ֆինանսական կարգավորիչը հաստատել է հուլիսին ընդունված որոշումը երկարաժամկետ վարկերի սահմանային տոկոսադրույքը մինչև 1% բարձրացնելու հնարավորության մասին՝ կախված շուկայական իրավիճակից՝ ընդգծելով, որ շարունակում է գնահատել համապատասխան միջոցների ձեռնարկման ազդեցությունը։

Արժույթի բորսայում առևտուրը չափավոր է արձագանքել Կենտրոնական բանկի որոշմանը, քանի որ այն համահունչ էր ներդրողների ակնկալիքներին: Իենի փոխարժեքը դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0.15%-ով և հասել 148,01-148,02 իենի 1 դոլարի դիմաց։ Ընդհանուր առմամբ,  վերլուծաբանները կանխատեսում են դոլարի նկատմամբ ազգային արժույթի հետագա թուլացում։

Share