Ֆինանսական

Թուրքիայի ֆինանսների նախարարությունը համբերության կոչ է անում երկրի տնտեսական քաղաքականության շրջադարձի ֆոնին

Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Մեհմեդ Շիմշեքը համաքաղաքացիներին կոչ է արել համբերատար լինել երկրի տնտեսական կուրսի շրջադարձի ֆոնին։

Financial Times-ի փոխանցմամբ՝ պաշտոնյան ասել է, որ ինքը ձգտում է «վերահավասարակշռել տնտեսությունը և մեղմել ներքին պահանջարկը» մի քանի տարվա ոչ ավանդական տնտեսական քաղաքականությունից հետո: Նրա խոսքով՝ նախագահը ևս աջակցում է քաղաքականության շրջադարձին, որի արդյունքում տոկոսադրույքները բարձրացել են ավելի քան 20 տոկոսային կետով:

«Մենք ճիշտ ուղու վրա ենք: Կան ապացույցներ, որ վստահությունը վերադառնում է: Բայց մենք պետք է համբերատար լինենք, դա դեռ հեշտ չէ», – ասել է Շիմշեքը Financial Times-ին:

Ավելի վաղ պաշտոնյան հայտնել էր, որ իշխանությունները մտադիր են խստացնել դրամավարկային քաղաքականությունը և բնակչության վարկավորման ծավալները։ Նա ընդգծել էր, որ կառավարությունը մտադիր է ավելի խստորեն կարգավորել անշարժ գույքի վարկերի տրամադրումը և սահմանափակել ավտովարկերի տրամադրումը։ Նաև թուրքական լիրայի փոխարժեքի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար Թուրքիայի Կենտրոնական բանկը տարեսկզբից հիմնական տոկոսադրույքը կտրուկ բարձրացրել է մինչև 25%։

Share