Բաժին. Ֆինանսական

ԹՈՂԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻՆ, ԳՆԴԵՎԱՆՔԻՆ ԵՎ ՆՈՐԱՎԱՆՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Հայկական վանքերը և եկեղեցիները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամներ` նվիրված Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարին, Գնդեվանքին եւ Նորավանքին: 

Բոլոր հուշադրամների դիմերեսի ձեւավորումը նույնն է:  Հուշադրամների դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ  dram»: Եզրաշուրթի մոտ ներքեւում «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունն է, իսկ աջում  ուղղահայաց  մակագրված է  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

«Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» – Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար՝ «2012 ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ» եւ «MOTHER CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN»: Վերեւի անկյուններում եւ ներքևում պատկերված են զարդանախշեր:

«Գնդեվանք» – Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Գնդեվանքը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար՝ «2012 ԳՆԴԵՎԱՆՔ» եւ «GNDEVANK MONASTERY»: Վերեւի անկյուններում եւ  ներքևում պատկերված են զարդանախշեր:

«Նորավանք» – Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Նորավանքը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար՝ «2012 ՆՈՐԱՎԱՆՔ» եւ «NORAVANK MONASTERY»: Վերեւի անկյուններում եւ ներքևում պատկերված են զարդանախշեր:

Բոլոր հուշադրամներն ունեն նույն տեխնիկական բնութագիրը եւ դրանց պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամները թափանցիկ պատիճներով եւ իսկության հավաստագրերով տեղադրված են տուփերում:

Հուշադրամների նախագծի հեղինակն է «Coin Invest Trust» ընկերությունը (Լիխտենշտեյն): Հուշադրամները հատվել են «Մայեր» դրամահատարանում (Գերմանիա):

Հուշադրամների բնութագիրը.

Անվանական արժեքը՝ 1000 դրամ, մետաղը և հարգը՝ արծաթ, 9250, քաշը՝ 25,0 գ., չափսերը՝ 27,0 x 47,0մմ, դրամաշուրթը՝ ատամնավոր, ձեւը՝  ուղղանկյուն, որակը՝ պրուֆ, տպաքանակը՝ մինչև 2500 հատ:

Share