Բաժին. Ֆինանսական

ՕԳՈՍՏՈՍԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՃԵԼ Է ՄԻՆՉԵՎ 45.4%

Դոլարայնացման բարձր մակարդակը շարունակում է բնութագրական մնալ մեր տնտեսության համար: Բնակչությունը և բիզնես ոլորտը շարունակում են առավել շատ վստահել արտարժույթին, քան ազգային դրամին: ՀՀ քաղաքացիներն իրենց բանկային խնայողությունները, որոնց մի մասը տրանսֆերտների տեսքով գալիս է դրսից, գերադասում են պահել արտարժույթով: Միևնույն ժամանակ, առևտրային բանկերից վարկ վերցնելիս բիզնես ոլորտի ներկայացուցիչները ևս իրենց նախապատվությունը տալիս են արտարժույթին, ինչը «շահավետ է» նաև բանկերին:

Արդյունքում, օգոստոսին ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը կազմել է 45.4%՝ տարեսկզբի համեմատությամբ աճելով 1.7 տոկոսային կետով: Միևնույն ժամանակ, հաշվետու ամսվա արդյունքներով ռեզիդենտների արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ֆինանսական համակարգում ներգրավված ավանդների ընդհանուր ծավալում  կազմել է 63.6%:

Ըստ ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների՝  օգոստոս ամսվա արդյունքներով ՀՀ ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ընդհանուր վարկերի հարաբերակցությունը կազմել է 63.9%:  Սա խոսում է այն մասին, որ ՀՀ առևտրային բանկերի  մոտ շարունակվում են «կուտակվել» արտերկրից ներգրավված միջոցներ:

Նշենք նաև, որ ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռը ընդհանուր ժամկետային ավանդներում կազմել է 74.7%, իսկ ցպահանջ ավանդների կշիռն ընդհանուր ցպահանջ ավանդներում` 53.9%:

Share