Բաժին. Ֆինանսական

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը Երևանում կազմակերպել է իր ամենամյա կոնֆերանսը` «Ֆինանսական Օմբուդսմենի Ինստիտուտն՝ ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը – 3» թեմայով:

Կոնֆերանսը, որը մեկնարկել է այսօր առավոտյան, ունի շուրջ  140 մասնակից, ովքեր հիմնականում ՀՀ ֆինանսական շուկայի ներկայացուցիչներ են: Կոնֆերանսին մասնակցում են նաև Ղազախստանի ապահովագրական օմբուդսմենը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՌԴ կենտրոնական բանկից, ֆինանսների նախարարությունից, բանկերի միությունից:

Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները կծանոթանան ֆինանսական օմբուդսմենների միջազգային փորձին, Հաշտարարի գրասենյակի գործունեությանը, ծրագրերին, վիճակագրությանը, սպառողների ֆինանսական կրթության և նրանց շահերի պաշտպանության մեխանիզմներին, Համաշխարհային Բանկի դիագնոստիկ վերլուծությանը` ՀՀ «Սպառողների պաշտպանության և Ֆինանսական կրթության» ոլորտում, ֆինանսական ճգնաժամի ազդեցությանն օմբուդսմենի ինստիտուտի և ֆինանսական կարգավորման վրա:

Լինելու են նաև թեմատիկ քննարկումներ հետևյալ թեմաներով.

– Բանկային գործունեություն, մասնավորապես` քարտային զեղծարարություն, ներդրումներ և կենսաթոշակային համակարգեր, հիփոթեքային պայմանագրեր և սպառողական վարկեր,

– Ապահովագրական գործունեություն, մասնավորապես` Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն, ապահովագրական զեղծարարություն, գույքի և առողջության ապահովագրություն:

Կոնֆերանսի խոսնակներն են` Մեծ Բրիտանիայի Ֆինանսական Օմբուդսմենը, Ֆրանսիայի Ապահովագրական Հաշտարարը, Կանադայի Բանկային և Ներդրումային ծառայությունների օմբուդսմենը, Նոր Զելանդիայի Ապահովագրության և Խնայողությունների օմբուդսմենը,  Իռլանդիայի Ֆինանսական համակարգի օմբուդսմենը, ներկայացուցիչներ Համաշխարհային բանկից, ներկայացուցիչ ՌԴ ռեգիոնալ բանկերի ասոցիացիայից, Լեհաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նախագահը, ՌԴ ավտոապահովագրողների բյուրոյի նախագահի տեղակալը, ինչպես նաև ՀՀ կառավարության սոցիալական վարչության պետը, «Հայաստանի ավտոապահովագրողների միություն» ԻԱՄ գործադիր տնօրենը, ներկայացուցիչներ ՀՀ ԿԲ-ից,  ՀՀ բանկերից և ապահովագրական ընկերություններից:

Հաշտարարի գրասենյակի գործունեության նպատակն է`  սպառողների պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննության միջոցով նրանց շահերի պաշտպանությունը, արդյունքում` ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումն ու, որպես հետևանք, ՀՀ-ում ֆինանսական միջնորդության ավելացումը: Գրասենյակի առաքելությունն է` ունենալ ֆինանսապես կիրթ և պաշտպանված սպառողներ ֆինանսական շուկայում:

Share