Բաժին. Ֆինանսական

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ Է ՃԱՆԱՉՎԵԼ «ԿՐԵԴԻՏ-ԼԱՅՆ» ԳՐԱՎԱՏԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը ուժը կորցրած (դադարեցված) է ճանաչել «ԿՐԵԴԻՏ-ԼԱՅՆ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 183 լիցենզիայի գործողությունը` օրենսդրության խախտումների պատճառով:

Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների հետ:

«ԿՐԵԴԻՏ-ԼԱՅՆ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ՝ գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

Share