Ֆինանսական

Այլևս հարկերի վճարումն ուշացնելու համար սահմանված տուգանքներ չեն լինի

Հայաստանում նախատեսվում է հարկերի վճարումն ուշացնելու համար այլևս տուգանք չնշանակել: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին  և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց առաջին ընթերցմամբ:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշեց, որ օրենքով սահմանված է պատասխանատվություն՝ հարկերի վճարումն ուշացնելու համար՝ նվազագույն աշխատավարձի 10-20-ապատիկի չափով:

«Պատասխանատվության այս միջոցին զուգահեռ հարկային պարտավորությունների կատարման, դրանց կատարումն ապահովելու ուղղությամբ, կարծում ենք, կա բավականին ընդլայնված գործիքակազմ, օրենսդրությամբ սահմանված է նաև տույժերի հաշվարկման մեխանիզմ: Իսկ այս վարչական պատասխանատվության միջոցը պրակտիկայի ընթացքում ցույց է տվել, որ, ըստ էության, հիմնականում չի ազդում հարկ վճարողի հետագա վարքագծի վրա, ինչպես ազդում են ներգործության մյուս միջոցները»,- ասել է ՊԵԿ պաշտոնյան և հավելել՝ հիմնականում վարչական վարույթների ընթացքում պարզ է դառնում, որ պատասխանատու անձանց կողմից չվճարումը հիմնականում միջոցների բացակայությունն է լինում:

Share