Ֆինանսական

ԵՀ-ն մտադիր է ռուսական ակտիվների եկամուտներից 15 միլիարդ եվրո հավաքագրել Ուկրաինայի համար

Եվրահանձնաժողովը մտադիր է մինչև 2027-ը մոտ 15 միլիարդ եվրո հավաքագրել՝ Ռուսաստանի սառեցված ակտիվների վերաներդրումից ստացված եկամուտների տեսքով, որոնք կարող են օգտագործվել Կիևին աջակցելու համար։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը։

Եվրոպական հանձնաժողովի այս ծրագիրն ամառվանից սկսած հետաձգվում էր, քանի որ ԵՄ անդամ երկրները և Եվրոպական կենտրոնական բանկն ունեին իրավական և ֆինանսական մտահոգություններ։ Սակայն, ըստ հրատարակության, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի համար լրացուցիչ ֆինանսական աջակցություն հավաքելու հետ կապված խնդիրները «նոր խթան են հաղորդել Մոսկվայի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու փորձերին»։

Այս ծրագիրը Եվրահանձնաժողովի նիստում պետք է քննարկվի դեկտեմբերի 12-ին։ ԵՄ անդամ երկրները պետք է միաձայն հաստատեն ինչպես ծրագիրը, այնպես էլ այն իրագործելու հետագա քայլերը, նախքան գումարը հնարավոր կլինի ուղղել Կիևին։

«Այս առաջարկի թիրախը կլինեն միայն Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների միջոցները։ Ըստ հանձնաժողովի գնահատականների՝ սա տարեկան մինչև 3 միլիարդ եվրոյի եկամուտ կբերի կամ 15 միլիարդ եվրոյի եկամուտ 2023-2027 թվականներն ընկած ժամանակահատվածում՝ չնայած պաշտոնյաները նախազգուշացրել են, որ այդ գումարը կախված կլինի տվյալ ժամանակահատվածում տոկոսադրույքների մակարդակից», – գրում է Financial Times-ը։

2022-ի մարտի կեսերին Ռուսաստանի ֆինանսների նախարարը հայտնել էր, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և նրանց դաշնակիցների պատժամիջոցների պատճառով սառեցված են շուրջ 300 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ։

Share