Բաժին. Ֆինանսական

Մարտին Գալստյան. 12–ամսյա գնաճը կազմել է 0.5%

2023 թ. նոյեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 0.5%։ Լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նաև նշել է, որ 12-ամսյա բնականոն գնաճը հոկտեմբերի վերջին զրո է եղել։ ԿԲ նախագահն ընդգծել է, որ 12-ամսյա գնաճը կկայունանա 4% ցուցանիշի սահմանում։

«Նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են»,- նշել է նա։

Ըստ Գալստյանի` ՀՀ-ում պահպանվում է բարձր տնտեսական ակտիվություն, որին նպաստում են ծառայությունների ու շինարարության բարձր աճը։

«2023թ.-ի 4-րդ եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակում է դանդաղել։ Դա արտահայտվում է ապրանքահումքային շուկաներում գների և համաշխարհային գնաճի տեմպերի նվազմամբ։ Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են գնանկումային ազդեցություններ»,- ընդգծել է Գալստյանը։

ԿԲ նախագահի խոսքով` արտաքին պահանջարկը ՀՀ-ում դանդաղում է, իսկ ներքին պահանջարկը շարունակում է մնալ բարձր, որն արտահայտվում է մասնավոր սպառման բարձր աճով։

Share