Բաժին. Ֆինանսական

ՌՈՒՍԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԸ ՀԱՏԵԼ ԵՆ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՍԱՀՄԱՆԸ

Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին մեր երկիր են հոսել 1.186 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով մասնավոր տրանսֆերտներ: Նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համեմատությամբ արտրկրից ոչ առևտրային նպատակներով մեր երկրի քաղաքացիների ստացած դրամական միջոցներն աճել են 8.6%-ով:

Ինչպես և սպասելի է` տրանսֆերտների մեծ մասը եկել է Ռուսաստանից. հունվար-սեպտեմբերին այս երկրից դեպի Հայաստան փոխանցված դրամական միջոցներն աճել են 11.6%-ով և կազմել 1.013 մլրդ ԱՄՆ դոլար: Արդյունքում, Ռուսաստանն ապահովել է Հայաստան հոսած տրանսֆերտների ընդհանուր ծավալի ավելի քան 85%-ը:

Ինչպես տեղեկացնոււմ են ՀՀ կենտրոնական բանկից` հաշվետու ինն ամիսներին  ոչ առևտրային նպատակներով ԱՄՆ-ից ստացված դրամական փոխանցումները կազմել են 49,7 մլն ԱՄՆ դոլար: Ուկրաինայից ստացվել են 13,7 մլն ԱՄՆ դոլարի, Ղազախստանից` 15,2 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ԱՄՆ-ից Հայաստան դրամական փոխանցումները նվազել են  շուրջ 5%-ով: Ուկրաինայից դրամական փոխանցումները ևվս կրճատվել են`մոտ 30%-ով: Ղազախստանից դեպի Հայաստան իրականացված ոչ առևտրային նպատակներով դրամական փոխանցումներն աճել են 3.6%-ով:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին ՀՀ բանկային համակարգի միջոցով Ֆրանսիայից Հայաստան ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց փոխանցված դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմել է  8,1 մլն ԱՄՆ դոլար, Գերմանիայից` 7,7 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից՝ 6,3 մլն ԱՄՆ դոլար, Իսպանիայից՝ 4,6 մլն ԱՄՆ դոլար, Չինաստանից՝  2,6 մլն ԱՄՆ դոլար, Թուրքիայից՝ 1,2 մլն ԱՄՆ դոլար:

Share