Բաժին. Ֆինանսական

AIESEC-Ը ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ԱՅՍԵԿ (AIESEC) միջազգային երիտասարդական կազմակերպությունը, համագործակցելով ՀՀ Կենտրոնական Բանկի հետ, իրականացնում է երիտասարդների ֆինանսական գրագիտության «ՖԼԱՅ» ծրագիրը:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԱՅՍԵԿ-ից՝ այս նախագիծը նախատեսված է Հայաստանի տարբեր համալսարանների և դպրոցների ուսանողների ու աշակերտների համար, ովքեր չեն ուսումնասիրում տնտեսագիտություն, ֆինանսներ կամ հարակից այլ մասնագիտություններ: Նախատեսված է ծրագրի շրջանակներում ընդգրկել մոտ 350 տարբեր մասնակիցներ՝ Երևանի 15 դպրոցներից և համալսարաններից: 

Նախագծի հիմքում ընկած են կրթության ոչ ֆորմալ մեթոդները, որոնց միջոցով ծրագիրը մասնակիցների համար կդառնա էլ ավելի լիարժեք և արդյունավետ:

Ծրագրի մեկ այլ կարևոր նպատակներից է միջմշակույթային հաղորդակցությունը: Այս իսկ պատճառով, հատուկ նախագծի համար Բրազիլայից, Ուկրաինայից, Իրանից և ԱՄՆ-ից Հայաստան են ժամանել երիտասարդ մասնագետներ, ովքեր անցկացնելու են դասընթացները:  Բացի ֆինանսական գիտելիքներից՝ աշակերտները և ուսանողները կբարելավեն իրենց՝ անգլերեն խոսելու ունակությունները, քանի որ դասընթացները անց են կացվելու անգլերենով:

Ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 5-ից և շարունակվելու է մինչև դեկտեմբերի 14-ը՝ ամփոփվելով մեծ համաժողովով: 

Share