Բաժին. Ֆինանսական

ArCa վճարային հավելվածը ապրիլի 15-ից կդարարի գործել

ArCa վճարային համակարգից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ArCa վճարային հավելվածը շուտով կդադարի գործել։

Հավելվածը մուտք գործեց շուկա 2019 սկզբին՝ որպես մինչ այդ գործող «Վիրտուալ քարտերով» վճարումների համակարգի զարգացման հաջորդ փուլ, և այն ժամանակ շուկայի կողմից սպասված և պահանջված լուծում էր, որն ապահովում էր շուկայում նոր կիրառական փորձառություն և ծառայությունների մի շրջանակ, որն այդ պահին քիչ թվով մասնակիցներին էր հասանելի։

Ըստ էության, arca.am հավելվածը դարձավ նախատիպ և խթան՝ բանկերի կողմից սեփական հավելվածների մշակման և զարգացման համար, և դրանով կարելի է հաջողված համարել հավելվածի առաքելությունը։

Այս պահին շուկայում առկա են բազմաթիվ լուծումներ, որոնք ըստ էության ծածկում են, որոշ առումներով նույնիսկ գերազանցում են ծառայությունների շրջանակը, որն առկա է մեր հավելվածում։

Արմենիան Քարդ ընկերությունը, հանդիսանալով ԱրՔա ազգային վճարային համակարգի օպերատոր, ինչպես նաև միասնական պրոցեսինգային կենտրոն հայաստանյան բանկերի մեծ մասի համար, որոշում է կայացրել կենտրոնանալ իր ծառայությունների անմիջական շահառու հանդիսացող ֆինանսական կազմակերպություններին տեխնոլոգիական լուծումներ մատուցելու վրա։

Ըստ այդմ, 2024 թվականի ապրիլի 15-ից կդադարեցվեն arca.am հավելվածով գործառնությունները։

Մինչ այդ, անհրաժեշտության դեպքում, կարող եք պահպանել Ձեր վճարումների տվյալները, արտահանելով դրանք arca.am կաբինետի WEB տարբերակի համապատասխան բաժիններից, ինչպես նաև դուրս գրել պարբերական վճարների / փոխանցումների, շահառուների տվյալները՝ այլ հարթակներում դրանք հետագայում գրանցելու նպատակով։

Համակարգը շուտով ներկայացնելու է նոր, ժամանակակից պրոդուկտներ բանկերի համար՝ շարունակելով զարգացնել վճարումների և փոխանցումների ոլորտը Հայաստանում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share