Ֆինանսական

Մեծ Բրիտանիան մտադիր չէ 10 տարի բյուջետային օգնություն տրամադրել Ուկրաինային

Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի պատրաստվում բյուջետային պարտավորություն ստանձնել՝ յուրաքանչյուր տարի ազգային ՀՆԱ-ի որոշակի տոկոս հատկացնելով Ուկրաինային առաջիկա 10 տարիների ընթացքում օգնելու համար: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության ֆինանսների փոխնախարար Բիմ Աֆոլամին։

«Միջազգային օգնության ծախսերի պլանները ճիշտ հավասարակշռություն են ստեղծում հարկաբյուջետային պատասխանատվության և ամենախոցելի երկրների հանդեպ մեր պատասխանատվության միջև», – ասել է Աֆոլամին՝ գրավոր պատասխանելով Շոտլանդիայի ազգային կուսակցության պատգամավոր Դրյու Հենդրիի հարցին, թե արդյոք բրիտանական կառավարությունը պատրաստ է ամեն տարի որոշակի գումար ծախսել առաջիկա տասնամյակում Ուկրաինային օգնելու համար:

Ֆինանսների փոխնախարարը նշել է, որ 2022 թվականի փետրվարից Լոնդոնը պատասխանատվություն է ստանձնել Կիևին տրամադրել գրեթե 12 միլիարդ ֆունտ ստեռլինգի (15 միլիարդ դոլար) տնտեսական, հումանիտար և ռազմական օգնություն։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «կարևոր է, որ իշխանությունները բավարար ճկունություն ունենան՝ արձագանքելու ձևավորվող գործոններին և արագ զարգացող իրադարձություններին, այդ թվում՝ ճգնաժամերին»։

Share