Ֆինանսական

Աֆրիկյան զարգացման բանկի ղեկավարը դեմ է արտահայտվել ռեսուրսներով ապահովված վարկերին

Աֆրիկյան երկրները պետք է դադարեցնեն վարկեր վերցնելը, որոնք ապահովված են ազգային բնական ռեսուրսներով։ Այս մասին հայտարարել է Աֆրիկյան զարգացման բանկի ղեկավար Ակինվումի Ադեսինան։

«Նման վարկերի հիմնական խնդիրն այն է, որ դուք չեք կարող պատշաճ կերպով գնահատել ակտիվները: Եթե դուք տիրապետում եք հանքանյութերի, օրինակ՝ նավթի ընդհատակյա ռեսուրսների, ինչպե՞ս եք որոշում երկարաժամկետ պայմանագրի գինը»,- ասել է պաշտոնյան:

Ադեսինան նաև նշել է մի շարք այլ խնդիրներ, որոնք կապված են բնական ռեսուրսներով ապահովված վարկերի հետ: Դրանցից են պայմանագրերի անթափանցիկությունն ու դրանց ազդեցությունը պարտքի կայունության վրա: Նա նշել է, որ ռեսուրսներով ապահովված վարկերի առաջնային գրավչությունը կայանում է նրանում, որ նրանք կարող են արագ կապիտալ ապահովել ենթակառուցվածքների զարգացման համար: Սակայն այս մոդելը, ըստ ԱԶԲ ղեկավարի, զգալի ռիսկեր է պարունակում:

Որպես այլընտրանք՝ նա առաջարկում է գործարքներ, որոնք նման են ԱԶԲ-ի կողմից աֆրիկյան երկրների զարգացման համար մշակված նախագծին՝ հիմնված էներգետիկայի և տրանսպորտի նորագույն կանաչ տեխնոլոգիաների վրա: Դրա շրջանակներում կիրականացվի մինչև 10 միլիարդ դոլարի ներդրում։

Share