Բաժին. Ֆինանսական

ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ. ՔՆՆՎԱԾ ԳՈՐԾԵՐԻ 68%-Ը ԼՈՒԾՎԵԼ Է ՀՕԳՈՒՏ ՀԱՃԱԽՈՐԴԻ

Վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն իրականացրել է մի շարք ծրագրեր՝ ապահովելով հաշտարարի գրասենյակի ճանաչողության բարձր մակարդակ և նվաճելով հանրության վստահությունը:

Ինչպես տեղեկացնում են Հաշտարարի գրասենյակից՝ 2009թ.-ին իրականացված հարցումների արդյունքների համաձայն՝ հարցվածներից միայն 12% էր լսել Հաշտարարի մասին, որոնցից միայն մեկ երրորդն էին պատկերացնում, թե ինչով է զբաղվում Գրասենյակը: 2009թ.-ի ստացված բողոքների ավելի քան 70%-ը ֆինանսական համակարգին ընդհանրապես չէին վերաբերում:

2011թ.-ին իրականացված նմանատիպ հարցումները ցույց են տվել Հաշտարարի գրասենյակի 95% ճանաչողություն՝ Գրասենյակի գործառույթների հստակ ընկալմամբ: Այժմ Գրասենյակ ներկայացվող գրեթե բոլոր բողոքները հասցեագրված են:

Բացի այդ, տարեցտարի զգալիորեն աճում են նաև Գրասենյակի կողմից ստացվող հաճախորդների բողոքները և քննության ընդունած պահանջները: Այսպես, 2010թ.-ին հաճախորդների բողոքների թիվը 2009-ի նկատմամբ աճել է 70%-ով, իսկ քննած պահանջները’ 93%-ով, 2011-ին 2010-ի նկատմամբ՝ բողոքները՝ 25%-ով, իսկ քննած պահանջները’ 31%-ով, և 2012թ.-ի չամփոփված տվյալներով՝ 2011թ.-ի նկատմամբ բողոքները աճել են 46%-ով, իսկ պահանջները՝ 139%-ով: 

Գրասենյակում հօգուտ հաճախորդների լուծված գործերի տեսակարար կշիռն անցած չորս տարիների համար կազմում է մոտ 68%: Ի դեպ, Գրասենյակի գործունեության օրվանից մինչ օրս դրական ելքով գործերի արդյունքում հաճախորդներին տրամադրվել է ավելի քան 200 միլիոն ՀՀ դրամի հատուցում:

Share