Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԲԱՆԿԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 70%-Ն ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ Է

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ բանկերում ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամկետային և ցպահանջ ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 86 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ընդհանուր ավանդներն աճել են 29.1%-ով: Եռամսյակային կտրվածքով ցուցանիշն աճել է 10.1%-ով:

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ բանկերում ներդրված ընդհանուր ավանդներում ֆիզիկական և իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդների տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 34.1% և 65.9%:  Երրորդ եռամսյակի ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդներն ավելացել են համապատասխանաբար 5.5%-ով և 18.8%-ով՝ եռամսյակի վերջին կազմելով 684.2 մլրդ և 401.8 մլրդ դրամ:

Ըստ արժութային կառուցվածքի` դրամային ավանդները եռամսյակի ընթացքում ավելացել են 5.4%-ով (16.0 մլրդ դրամով), իսկ արտարժութային ավանդները` 12.1%-ով (83.2 մլրդ դրամով): Արդյունքում, արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում աճել է 1.3 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 71.1%:

Share