Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ. ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԻՆԴԵՔՍԸ ՓՈՔՐ-ԻՆՉ ՆՎԱԶԵԼ Է

Ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ, Հայաստանում տնտեսական ակտիվության ինդեքսն աճել է (107.1%)` պայմանավորված տնտեսության բոլոր ճյուղերի գնահատականներով՝ բացառությամբ արդյունաբերության: ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպված հարցման արդյունքների համաձայն՝ ակտիվության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է շինարարության ոլորտում (113.3%):

Միևնույն  ժամանակ, հաշվետու եռամսյակում գործարար միջավայրի ինդեքսը փոքր-ինչ նվազել է` կազմելով 98.3%՝ պայմանավորված հատկապես շինարարության և ծառայությունների ոլորտների գնահատականներով: Միջավայրի բարելավում է նկատվել առևտրի ոլորտում (101.9%), ընդ որում այն ուղեկցվել է տնտեսական ակտիվության աճով (110.9%):

Նշենք, որ կազմակերպությունների հարցումների հիման վրա բաղադրյալ տնտեսական ինդիկատորների կառուցման համար առանձին փոփոխականների հաշվեկշիռները ենթարկվել են սեզոնային հարթեցման: Տնտեսական ակտիվության և գործարար միջավայրի ինդեքսները հաշվարկվել են սեզոնային հարթեցված պատասխանների հաշվեկշիռների հիման վրա:

Ինդեքսների հաշվարկն իրականացվում է պատասխանների փաստացի և սպասման հաշվեկշիռների միջինացման միջոցով: Ինդեքսների հաշվարկման համար տրվող հարցերը պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների հաշվեկշիռները: Հաշվեկշիռները տատանվում են [0, 100] միջակայքում: Հաշվեկշռի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Պատասխանների հաշվեկշիռները հարաբերելով բազիսային ժամանակաշրջանի համապատասխան հաշվեկշռին` ստացվում են վերջնական ինդեքսները:

Տնտեսական ակտիվության փաստացի հաշվեկշիռը հաշվարկվել է թողարկման ծավալների ընթացիկ, իսկ  սպասման հաշվեկշիռը`  գալիք եռամսյակում թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սեզոնային հարթեցված պատասխանների հիման վրա: Այն իրենից ներկայացնում է միջինացված ցուցանիշ: 

Share