Ֆինանսական

G7-ի երկրները մտադիր են շարունակել ՌԴ սառեցված ակտիվների օգտագործման ուղիների ուսումնասիրությունը

«Մեծ յոթնյակի» երկրները կշարունակեն Ուկրաինային աջակցելու համար իրենց իրավասությունների շրջանակում սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու ուղիների որոնումը: Այս մասին ասվում է G7-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ «Ռուսաստանի սուվերեն ակտիվները կշարունակեն սառեցված մնալ»։

«Մենք կշարունակենք աշխատել բոլոր հնարավոր ուղիներով՝ օգտագործելու սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային աջակցելու համար», – ասվում է ֆինանսական գերատեսչությունների ղեկավարների հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իտալիայի G7-ի նախագահության կայքում:

Բացի այդ, կողմերը ողջունել են ԵՄ-ի առաջարկները՝ «Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից ստացված եկամուտները Ուկրաինայի շահերի համար օգտագործելու վերաբերյալ»։ Նրանք պաշտպանել են նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի որոշումը՝ կապված ռուսական հիմնական մետաղների առևտրի սահմանափակումների հետ։

ԵՄ-ն, Կանադան, ԱՄՆ-ն և Ճապոնիան ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից հետո սառեցրել են Ռուսաստանի ակտիվները՝ մոտ 300 միլիարդ դոլարի չափով։ Դրանից մոտ 5-6 միլիարդ դոլարը գտնվում է ԱՄՆ-ում, իսկ մեծ մասը՝ Եվրոպայում, այդ թվում՝ Բելգիայի Euroclear միջազգային հարթակը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ G7-ի երկրները հունիսին նախատեսված գագաթնաժողովից առաջ նոր առաջարկներ կներկայացնեն ռուսական սառեցված ակտիվները օգտագործելու վերաբերյալ։

Share