Ֆինանսական

Թեհրանի ֆոնդային բորսան ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը. Իրանում 5-օրյա սուգ է հայտարարված

Թեհրանի ֆոնդային բորսան որոշել է դադարեցնել գործունեությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան լուրից հետո։ Այս մասին հայտնել է բորսայի տնօրենների խորհրդի անդամ Ռեզա Էյվազլուն։

«Ֆոնդային բորսան փակ կլինի այսօր և առաջիկա մի քանի օրերի ընթացքում՝ մինչև պաշտոնական ծանուցումը», – հայտնել են բորսայից։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր։ Ուղղաթիռում նախագահի հետ էին նաև երկրի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը և այլ պաշտոնյաներ, որոնք վերադառնում էին Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր ցավակցությունն է հայտնել ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող մյուս պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ և երկրում հնգօրյա սուգ հայտարարել։

Share