Ինդարս Ասչուկսը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհրդի անդամ: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի խորհրդի անդամի պաշտոնում նրա գրանցման մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտել 22.01.2013թ.-ից:
Ինչպես տեղեկացնում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայից՝ պարոն Ասչուկսը ղեկավարում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ խմբի Բալթյան շուկաների զարգացման բաժինը:
Ինդարս Ասչուկսը իր կարիերան ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ում սկսել է 2001թ.-ից՝ որպես ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Ռիգայի (նախկինում՝ Ռիգայի Ֆոնդային Բորսա) Ռազմավարական ծրագրերի ղեկավար, որից հետո զբաղեցրել է մի շարք պաշտոններ. ղեկավարել է Բորսայական ծառայությունների բաժինը, ինչպես նաև ընդգրկվել է Ռիգայի Ֆոնդային Բորսայի և Լատվիայի Արժեթղթերի Կենտրոնական Դեպոզիտարիայի Կառավարման խորհուրդներում: Պրն Ասչուկսը նաև հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Ռիգայի Կառավարման խորհրդի փոխնախագահ, իսկ 2011թ. նոյեմբերից՝ նաև Լատվիայի Կենտրոնական Դեպոզիտարիայի Կառավարման խորհրդի նախագահ:
Պրն Ասչուկսը ավարտել է Ռիգայում Ստոկհոլմի Տնտեսագիտության Դպրոցը և ունի Մագիստրոսի կոչում Լատվիայի Համալսարանի կողմից:
Ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի անդամների մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է գտնել www.nasdaqomx.am պաշտոնական ինտերնետային կայքում: