Բաժին. Ֆինանսական

ԿԲ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2013Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԾՐԱԳԻՐԸ

Այսօր՝ փետրվարի 19-ին, տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որը  վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նիստում ԿԲ խորհուրդը հաստատել է ՀՀ ԿԲ 2012թ. չորրորդ եռամսյակի «Գնաճի հաշվետվությունը (դրամավարկային քաղաքականության 2013թ. առաջին եռամսյակի ծրագիրը)»: Միևնույն ժամանակ, լրացումներ են կատարվել «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում:

Խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել «ԿԱՍԿԱԴ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ» ՓԲԸ-ի լիցենզիան առանձին ներդրումային ծառայությունների երկու տեսակներով (իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում, արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացում) և վերաձևակերպել ընկերության լիցենզիան:

Խորհրդի որոշումներով վերաձևակերպվել են անհատ ձեռնարկատեր Արմինե Մարաբյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 687, Ա/Ձ Վարդան Օհանյան գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 071 և անհատ ձեռնարկատեր Հրաչյա Առաքելյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 720 լիցենզիաները: «ԿԱՐԵՆՅԱՐԱԼՅԱՆ» ՍՊԸ-ին գրավատան կազմակերպման լիցենզիա է տրամադրվել: Ուժը կորցրած է ճանաչվել «Մինի Կրեդիտ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 118 լիցենզիան:

Խորհուրդը որոշել է հրապարակել ՀՀ ԿԲ 2012 թ. չորրորդ եռամսյակի «Բանբերը»:

Share