Ֆինանսական

Վրաստանում գործող ՀԿ-ների գրեթե 90%-ը թաքցնում է դոնորական ֆինանսավորման չափը

Իշխող «Վրացական երազանքը» հետազոտություն է անցկացրել երկրում գործող ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) շրջանում։ Պարզվել է, որ դրանց գրեթե 90%-ը թաքցնում է դոնորներից ստացած դրամաշնորհների մասին տեղեկությունները։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է կրթության, գիտության և երիտասարդության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գիվի Միկանաձեն։

Միկանաձեի խոսքով՝ իրենք ուսումնասիրել են 474 կազմակերպություն, որոնք ստորագրել են խնդրագիր, որում ասվում է՝ չեն ենթարկվելու օտարերկրյա գործակալների մասին օրենքի պահանջներին և մտադիր չեն լրացնել ֆինանսական թափանցիկության հայտարարագիր։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ կազմակերպությունների 89%-ը չի նշում դրամաշնորհների չափը։ ՀԿ-ների 62%-ը տեղեկություն չունի իրենց դոնորների մասին, 97%-ն էլ տարեկան հաշվետվություններ չի հրապարակում։ Կազմակերպությունների 51%-ը չունի կայք, իսկ 70%-ը չի նշում իր թիմի մասին տեղեկություններ։

Ինչպես նշել է պաշտոնյան, Վրաստանում հասարակական կազմակերպությունների ոլորտում իրավիճակը աղետալի է թափանցիկության, հրապարակայնության և հասարակության առաջ հաշվետվողականության տեսանկյունից։

Share