Բաժին. Ֆինանսական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Այսօր` մարտի 12-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Ռայներ Մորելը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը, որը միտված է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանը գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով, ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Համաձայնագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը հնարավորություն է ստանում Վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ արտոնյալ վարկեր հետևյալ ծրագրերի համար.

– «Գյուղատնտեսական սեկտորի աջակցության ծրագիր» նախագիծ` մինչև 15 մլն եվրո գումարի չափով,

– «Կլիմայի համար նպաստավոր թափոնների մշակման տնտեսություն, Հայաստան, 1-ին փուլ» ծրագիր՝ մինչև 20 մլն եվրո գումարի չափով, 

– «Վերականգնվող էներգակիրների աջակցություն, 3-րդ փուլ» ծրագիր՝ մինչև 40 մլն եվրո գումարի չափով: 

Վերականգնման վարկերի բանկը հնարավորություն է տալիս ստանալ ֆինանսական օժանդակություն «Գյուղատնտեսական սեկտորի աջակցության ծրագրի» իրականացման և աջակցության համար անհրաժեշտ ուղեկցող միջոցառումների համար` 250.000 եվրոյի չափով և ֆինանսական օժանդակություն «Բնապահպանական ծրագիր-Պահպանվող տարածքների օժանդակություն Հարավային Կովկասում. Հայաստանի բաղադրիչ» նախագծի համար` մինչև 4.250.000 եվրո գումարի չափով:

Share