Տնտեսական

Դոլարայնացման մակարդակը ՀՀ-ում. 2024թ. հուլիս

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի հուլիս ամսվա դրությամբ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը Փողի զանգվածին (D1) կազմել է 33.1%, որը 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 1․5 տոկոսային կետով։

Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և փոխառություններին (D2) ևս նվազել է 1․9 տոկոսային կետով և կազմել՝ 38.9%:

Մեր երկրի ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում և փոխառություններում (D3) կազմել է 48.4%, որն 2023 թվականի փետրվարի համեմատ նվազել է 1․3 տոկոսային կետով։

Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում և փոխառություններում (D4) կազմել է 44.1%, որը նույնպես 3․7 տոկոսային կետով ցածր է 2023 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ։

Ինչ վերաբերում է ռեզիդենտներին արտարժույթով տրամադրված վարկերի հարաբերակցությանն ընդհանուր վարկերին (D5), ապա այն նվազել է 3․4 տոկոսային կետով, կազմելով` 30.6%:

Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են առավել շատ միջոցներ ներգրավել արտերկրից և, հետևաբար, արտարժութային ռիսկից խուսափելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են:

*D1-D5` կազմված են ՀՀ ԿԲ, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ցուցանիշների հիման վրա։

Share