Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ «ՄՈՆՈՊՈԼԱՑՎԱԾ»

2012 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի արժեթղթերի շուկայում ներդրումային գործունեության շրջանակներում իրականացված արժեթղթերի առուվաճառքի գործառնությունների ծավալը կազմել է 203.9 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ եռամսյակի համեմատ աճելով 33.8%-ով:

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ հաշվետու այս երեք ամիսներին, նախորդ եռամսյակի համեմատ, կորպորատիվ պարտատոմսերով իրականացված գործառնությունների ծավալն ավելացել է 46.7%-ով և կազմել 76.3 մլրդ ՀՀ դրամ, բաժնետոմսերով առուվաճառքի գործառնությունների ծավալն ավելացել է 14.2%-ով և կազմել է 2.3 մլրդ ՀՀ դրամ, իսկ պետական պարտատոմսերով առուվաճառքի գործառնությունների ծավալը ավելացել է 27.4%-ով և կազմել է 125.3 մլրդ ՀՀ դրամ:

Արդյունքում, 2012 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով ՀՀ արժեթղթերի շուկայի շրջանառության մեջ շարունակել  են գերակշռել պետական պարտատոմսերով գործառնությունները (կազմել են 61.4%): Կորպորատիվ պարտատոմսերով և բաժնետոմսերով իրականացված գործառնությունների տեսակարար կշիռներն ընդհանուր շրջանառության մեջ կազմել են համապատասխանաբար 37.4% և 1.1%:

Նշենք նաև, որ պետական պարտատոմսերի առուվաճառքի գործառնությունների մեջ գերակշռել են պետական միջնաժամկետ պարտատոմսերով իրականացված գործառնությունները (կազմել են պետական արժեթղթերով գործառնությունների 48.8%-ը):

Share