Արդեն 13-րդ անգամ «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարն իր շուրջն է համախմբում գրավոր ժառանգության պահպանման առաքելություն ունեցող աշխարհի կարևոր հաստատություններին: 13 տարիների ընթացքում Մատենադարանը հյուրընկալել է ավելի քան 130 միջազգային կառույց, հարյուրավոր մասնագետների, հաստատել նոր գործնական կապեր: Մատենադարանը, ըստ էության, Հայաստանում գրավոր ժառանգության վերականգնման միակ պրոֆեսիոնալ կենտրոնն է և լավագույններից տարածաշրջանում: Բաժինն իր գոյության ավելի քան 60 տարիների ընթացքում կուտակել է հսկայական մասնագիտական փորձ՝ վերականգնելով հազարավոր ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր և հնատիպ գրքեր ոչ միայն սեփական հավաքածուներից, այլև Հայաստանի մյուս թանգարաններից ու գրադարաններից։
ԱրարատԲանկը, հավատարիմ մնալով մշակութային ժառանգության պահպանման իր առաքելությանը, ֆինանսավորել է Մատենադարանի նոր կենսաքիմիական լաբորատորիան: Լաբորատորիայի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ «Հիշողության կերպարանքներ» միջազգային սեմինարի շրջանակներում, որը ևս ֆինանսավորվել է ԱրարատԲանկի կողմից։ Սեմինարը կանցկացվի հոկտեմբերի 9-12-ը:
Մատենադարանի տնօրենը նշում է․ «ԱրարատԲանկի աջակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում Մատենադարանի համար՝ ընդլայնելով գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման հնարավորությունները: Այս նախաձեռնությունը համահունչ է Մատենադարանի զարգացման նոր ռազմավարությանը, որը նպատակ ունի ընդլայնել հաստատության դերը գրավոր ժառանգության պահպանման ոլորտում՝ ներառելով աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնները»։
«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Մատենադարանի ղեկավարությանը։ Այս ազնվագույն գործին առնչվելու հնարավորությունը մեզ համար անգնահատելի է։ Այսօր ցանկանում եմ վերահաստատել մեր հանձնառությունը և հույս հայտնել, որ ապագայում ևս կշարունակենք մնալ ձեր հավատարիմ գործընկերների շարքում։
Անձամբ ես մեծ կարևորություն եմ տալիս ձեռագրերի պահպանմանը։ Ուսանողական տարիներիս, որպես արևելագետ պատիվ եմ ունեցել Մատենադարանում ուսումնասիրել արաբական ձեռագրերը։ Այդ փորձառությունը ինձ ավելի խորը գիտակցություն է տվել մեր մշակութային ժառանգության կարևորության մասին։
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև համագործակցությունը ոչ միայն ներդրում է հայ մշակույթի պահպանման գործում, այլև հնարավորություն է տալիս մասնակից լինել համաշխարհային նշանակության գիտական առաջընթացին։ Մենք հպարտ ենք, որ կարող ենք նպաստել այս կարևորագույն առաքելությանը և վստահ ենք, որ այս նախաձեռնությունը կծառայի ապագա սերունդներին», – նշել է ԱրարատԲանկի Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը։
ԱրարատԲանկի ներդրումը Մատենադարանի կենսաքիմիական լաբորատորիայում նշանակալի քայլ է դեպի Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման և հետազոտման նոր հորիզոններ: