Բաժին. Ֆինանսական

ԿԲ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԱՐԳԻՍ ՅՈԳՈՒՐՋՅԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼ Է «ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ» ՄԵԴԱԼ

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել ԱՄՆ Դաշնային Ռեզերվային Համակարգի Տնօրենների խորհրդի բանկային վերահսկողության եւ կարգավորման վարչության տնօրեն-խորհրդական Սարգիս Յոգուրջյանին «Անանիա Շիրակացի» մեդալի հանձնման արարողությունը, որին նա արժանացել էր ՀՀ Նախագահի  2012թ. սեպտեմբերի 18-ի հրամանագրով:

ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել Սարգիս Յոգուրջյանի ջանքերը՝ ուղղված Հայաստանում ֆինանսական կրթման, ֆինանսական ոլորտի մասնագետների վերապատրաստման գործին: Նա նշել է Սարգիս Յոգուրջյանի ավանդը ՀՀ կենտրոնական բանկի և մի շարք միջազգային կառույցների հետ սերտ գործակցության գործում:

ԿԲ նախագահը Հայաստանի Հանրապետության ղեկավարի անունից Սարգիս Յոգուրջյանին հանձնել է  «Անանիա Շիրակացի» մեդալը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԲ Խորհրդի անդամները, ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաեւ ՀՀ Բանկերի միության նախագահը, եւ մի շարք առեւտրային բանկերի ղեկավարներ:

Սարգիս Յոգուրջյանը ժամանել էր Երեւան՝ ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի եւ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից համատեղ անցկացվող «Ռիսկերի կառավարում եւ ներքին հսկողություն» տարածաշրջանային սեմինարի շրջանակում:

Սարգիս Յոգուրջյանը 1992-1996թթ. ընթացքում, լինելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)  տեխնիկական  օժանդակության առաքելության անդամ, կազմակերպել եւ օժանդակել է Վերապատրաստման հատուկ դասընթացների անցկացմանը  ԱՄՆ Դաշնային պահուստների բանկում:  Նրա նախաձեռնությամբ Միջազգային Հաշվարկների բանկի (BIS) և Ֆինանսական Կայունության Ինստիտուտի (FSI) հետ 2003թ.-ին կազմակերպվել է տարածքային բանկային վերահսկողության համաժողով Երևանում՝ Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կենտրոնական բանկերի ղեկավարների համար: Սարգիս Յոգուրջյանի մասնակցությամբ ԱՄՆ Դաշնային Ռեզերվային Համակարգի հետ Երևանում պարբերաբար կազմակերպվել են տարածաշրջանային սեմինարներ բանկային վերահսկողության, ռիսկերի կառավարման, փողերի լվացման դեմ պայքարի և  այլ թեմաներով:

Share